Թամար Պողոսյանը մեղադրում է սփյուռքի նախարարությանը փողերի լվացման փորձի մեջ

Թամար Պողոսյանը մեղադրում է սփյուռքի նախարարությանը փողերի լվացման փորձի մեջ

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը փողերի լվացման սխեմա էր մշակել», որը ձախողվեց: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանը`մեկնաբանելով հիմնադրամի ու սփյուռքի նախարարության միջև ծագած հակասությունները հիմնադրամի գործունեության ու ֆինանսական կառավարման շուրջ:

«Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը: Նախարարությունը ծրագրել էր փողերի լվացման սխեմա, որը սակայն փլուզվեց: Այդ պատճառով Հրանուշ Հակոբյանը որոշեց խոչընդոտներ ստեղծել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ծրագրերի կատարման համար»,- այսօր լրագրողներին ասաց Թամար Պողոսյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ 2010 թ. դեկտեմբերի 28-ին, երբ ինքը հիվանդանոցում էր գտնվում, հրավիրվել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստին, որին մասնակցել է Խորհրդի նախահագ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Թամար Պողոսյանի խոսքով, այդ նիստի ընթացքում, առանց իր ներկայության հիմնադրամի ծրարգերի մասով մի շարք որոշումներ ընդունվել են «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի կոպտագույն խախտումներով: Այս որոշումներն, ըստ Պողոսյանի, պետք է անվավեր ճանաչվեն:

«Հիմնադրամի և սփյուռքի նախարարության միջև հարարբերությունները իրականանում են պայմանագրային հիմունքների վրա: Նոր պայմանագիր կնքելու և հիմնադրամի ծրագրերի իրականացման համար ֆինանսական միջոցներ ստանալու համար մեզնից պահանջում են կատարել դեկտեմբերին կայացած նիստի արդյունքում ընդունված որոշումները: Հիմա փաստացի հիմնադրամը կանգնած է լուծարման խնդրի առջև»,- ասաց Պողոսյանը: Նրա պնդմամբ, նախարարության կողմից ողջ անցած տարվա ընթացքում ստեղծվել են բազմաթիվ արհեստական խոչընդոտներ հիմնադրամի պայմանագրային հարաբերությունների կատարման համար:

Այսօր Թամար Պողոսյանը նաև նշեց, որ սփյուռքի նախարարի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում նշանակումը հակասում է ՀՀ Կառավարության հիմնադրամի մասին որոշմանը:

Խնդրի կարգավորման համար Պողոսյանը դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել իրեն, սակայն, ինչպես նշեց նա, մինչև օրս այդ հանդիպումը չի կայացել:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է բլոգերների հետ: Հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահ, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի հետ տարաձայնություններին, Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ Պողոսյանը 2010 թվականին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացնելու համար, որը տեւել է 1 շաբաթ, իր համար աշխատավարձ է դուրս գրել 2.631.850 դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---