13 ապրիլի 2011 - 22:10 AMT
ՀՅԴ Դաշնակցությանը ևս արգելել են հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա.Ռուստամյանը ս/թ. ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. ապրիլի 23-ին ժամը 19.00-ից Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք և ժամը 21.00-ին Մաշտոցի պողոտա - Բաղրամյան պողոտա - Օրբելու փողոց - Կիևյան փողոց - Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով երթ անցկացնելու մասին։

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 13.04.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ս/թ. ապրիլի 23-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:

Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն, հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը։