Մևլութ Չավուշօղլուն կրկին խոչընդոտել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքին

Մևլութ Չավուշօղլուն կրկին խոչընդոտել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքին

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նորանոր խոչընդոտներ են ստեղծվում հայկական պատվիրակության աշխատանքի համար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է պատմել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, հայ պատգամավորները հերթագրվել էին ԵԽԽՎ-ում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարց ուղղելու համար, սակայն նրանց թույլ չեն տվել իրացնել իրենց իրավունքը:

«Ես և հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը 3-ն ու 4-ն էինք խորհրդարանականների ցուցակում, սակայն, ավելի ուշ պարզվեց, որ մենք հայտնվել ենք ցուցակի վերջում և մեզ այդպես էլ չհաջողվեց մեր հարցերն ուղղել Էրդողանին»,-ասել է Զոհրաբյանը:

Ըստ նրա, հայկական պատվիրակությունը դիմել էր ԵԽԽՎ քարտուղարությանը, պարզելու համար այդ միջադեպի պատճառները, որտեղից գրավոր պատասխան ստացվեց առ այն, որ ըստ վեհաժողովի կանոնակարգի, ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն իրավունք ունի փոխել ցուցակում ընդգրկվածների հերթականությունը, եթե ԵԽԽՎ-ում ելույթ է ունենում հրավիրված անձ:

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ նման վարքագիծը ԵԽԽՎ-ում քաղաքական տեսակետից խայտառակ քայլ է: «Զրկելով մեզ հարց տալու հնարավորությունից՝ Չավուշօղլուն փաստորեն զերծ պահեց թուրք վարչապետին մեր սուր հարցերից և պայմաններ ստեղծեց, որպեսզի Էրդողանը կարողանա խուսափել տհաճ հարցերից: Դա հերթական անգամ ապացուցում է, որ Չավուշօղլուն ոչ թե ԵԽԽՎ նախագահ է, այլ թուրք պաշտոնյա, որը զավթել է այդ պաշտոնը ԵԽԽՎ-ում Թուրքիայի շահերն առաջ տանելու համար»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Չնայած արհեստականորեն ստեղծված խոչընդոտներին՝ Զոհրաբյանին հաջողվել է մոտենալ թուրք վարչապետին ու նրան փոխանցել Հայոց ցեղասպանության զոհ դարձած երեխաների լուսանկարներով ալբոմը: Էրդողանը նայել է ալբոմն ու հայտարարել է, թե եթե հայկական կողմը նման դիրքերից հանդես գա, ապա թուրքական կողմը ևս կարող է որոշ լուսանկարներ ցուցադրել: Այնուհետև Թուրքիայի վարչապետի թիկնապահները, հրելով հայկական պատվիրակության անդամներին, դուրս են բերել Էրդողանին դահլիճից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---