15 ապրիլի 2011 - 11:14 AMT
Հայաստանը շարունակելու է օժանդակել ՆԱՏՕ-ի առաքելությանը Աֆղանստանում

Ապրիլի 14-ին Բեռլինում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, այդ թվում և Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին: էդվարդ Նալբանդյանը նաեւ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի իշխանություններին Աֆղանստանում հայկական զորախմբի տեղակայման եւ ծառայությանն առնչվող հարցերում արդյունավետ համագործակցության համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բեռլինում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձան հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիներին, քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Անդրադարձ կատարվեց անցյալ տարի ՀՀ Նախագահի Գերմանիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ համագործակցությունը նոր բովանդակությամբ համալրելու նպատակով: Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ երկու երկրների միջեւ հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է ամուր իրավա-պայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, համագործակցությունը՝ մշակութային եւ կրթական ոլորտներում: Քրիստոֆ Հոյսգենի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Ավստրալիայի արտգործնախարար Քեվին Ռուդի հետ էր: Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ միջազգային ֆորումների շրջանակներում իրենց հանդիպումներն արդեն ավանդական են դարձել, եւ դա լավ հնարավորություն է քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր:

Նախարարները մանրամասն քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը: Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ կարճատեւ զրույցներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ: