15 ապրիլի 2011 - 11:47 AMT
2011-ի ընթացքում Հունաստանում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Վիլյամ Սարոյանին

Հույն-ամերիկյան միությունն ու Աթենքում ՀՀ դեսպանությունը Հունահայկական ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ 2011թ. ընթացքում կազմակերպելու են միջոցառումների շարք` մեծանուն գրող Վիլիամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված: Առաջին միջոցառումը կայացել է ապրիլի 13-ի երեկոյան Հույն-ամերիկյան միության լեփ լեցուն թատերասրահում:

Հունահայ արվեստի գործիչներ` Նազիկ Այտինյանը, Հայկ Գասարճյանը, Էլենի Քասսեսյանը և Լորանս Մենենտյանը ընթերցեցին և արտասանեցին Սարոյանի աշխատություններից հայկական հեքիաթները` հույն հասարակությանը ներկայացնելով միջազգային ճանաչում ունեցող գրողին երաժիշտներ Մկրտիչ Պողոսյանի (ուդ) և Լեֆտերիս Հավուցասի (կիթառ) ընկերակցությամբ:

Վիլյամ Արմենակի Սարոյանը (անգլերեն՝ William Saroyan, Օգոստոսի 31 1908 - Մայիսի 18 1981)՝ ամերիկահայ գրող է: Ծնվել է Ֆրեզնոյում (ԱՄՆ, Կալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Սարոյան գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը:

Առաջին անգամ տպագրվել է 1933-ին, Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ: Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմավծքներ» (1934) առաջին գրքով: Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները:

1942-ին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա: Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և «Վեսլի Ջեքսոնի արկածները» վեպում: 1950-1960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում: Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք:

1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր: Հատկապես ուշագրավ են Բեռնարդ Շոուին, Չառլի Չապլինին, Թ. Էլիոտին,Եղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ:

Վիլյամ Սարոյանը մահացել է մայիսի 16 1981 թվին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: