15 ապրիլի 2011 - 12:25 AMT
Ռուսաստանի մահմեդականները ցանկանում են ՌԴ զինանշանին կիսալուսնի պատկեր ավելացնել

Ռուսաստանի մահմեդականների կենտրոնական հոգևոր վարչության գերագույն մուֆտի Թալգատ Թաջուդդինն առաջարկում է որպես իսլամի խորհրդանիշ կիսալուսին պատկերել Ռուսաստանի զինանշանի վրա: Այդ մասին մուֆտին հայտարարել է ապրիլի 15-ին «Մոսկովսկիե նովոստի» թերթում հրապարակված հարցազրույցում:

Ըստ Թաջուդդինի, կիսալուսինը պետք է փոխարինի խաչը արծիվի թագի վրա: Բացի այդ, առաջարկվում է կիսալուսին ավելացնել նաև զինանշանի կենտրոնում պատկերված թագի խաչին: «Եթե զինանշանի վրա լինեն խաչ և կիսալուսին, ոչ մի թշնամի չի կարողանա օգտագործել կրոնական գործոնը մեր հայրենիքի միասնականության դեմ»,-պնդում է մուֆտին:

Թաջուդդինը արդեն զինանշանի էսկիզներն ուղարկել է շրջանների մուֆտիներին: Նա պատմել է, որ արդեն նման առաջարկ է արել վարչապետ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

ՌԴ պետական զինանշանի արտաքին տեսքը նկարագրված է «Ռուսաստանի Դաշնության պետական զինանշանի մասին» դաշնային օրենքում, որտեղ խաչերի մասին հիշատակումներ չկան: Չնայած նրան, որ Թաջուդդինը խաչերն անվանում է «ուղղափառ», ոչ 2000 թ., ոչ 1993թ. խմբագրության մեջ խաչերի կրոնական նշանակությն մասին ոչինչ չի ասվում: Նախկին խմբագրության մեջ թագերը նկարագրված են որպես «Պետրոս Մեծի երեք պատմական թագեր»: