15 ապրիլի 2011 - 14:07 AMT
Հայաստանում գնաճը կտրուկ նվազել է, կարծում է ԱՄՀ ներկայացուցիչը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է գնաճի վերադարձ նպատակային միջանցք` հաստատված 2012-ին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: «Հայաստանում մենք տեսնում ենք գնաճի կտրուկ նվազում, ինչը պայմանավորված է երեք հիմնական գործոններով»,- նշել է նա: Նրա խոսքերով, այդ գործոններից առաջինը Հայաստանում ներքին գների կայունացումն է արտաքին շուկաներում սննդամթերքի և վառելիքի միջազգային գների կայունացման հաշվին: Երկրորդ գործոնը Հայաստանի գյուղատնտեսությունում իրավիճակի բարելավումն է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ: ԱՄՀ ներկայացուցչի խոսքերով, երրորդ գործոնը Հայաստանի կառավարության ճիշտ արձագանքն է անցկացվող քաղաքականության համատեքստում:

Տոլոսան նաև մեկնաբանել է Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն զգալիորեն ընդլայնվել են Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) լիազորությունները և կառավարությանն իրավունք է տրամադրվել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճի դեպքում (30 տոկոս և ավելի) ինքնուրույն որոշել գները: Նա ողջունել է ՏՄՊՊՀ լիազորությունների ընդլայնումը, սակայն նշել է, որ գների կարգավորման վարչական մեթոդներն արդյունավետ չեն, և ԱՄՀ-ն չի պաշտպանում նման մեթոդները: «Որոշ դեպքերում պետության միջամտությունն արդարացված է, սակայն միջամտության աստիճանը պետք է համահունչ լինի շուկայի հիմնարար սկզբունքներին»,- ասել է նա:

2011-ին Հայաստանի պետբյուջեի համաձայն տնտեսական աճը նախատեսված է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5 տոկոսի: