16 ապրիլի 2011 - 11:13 AMT
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Ռոման Բալայանին 70-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է ԽՍՀՄ պետական մրցանակակիր, Ուկրաինայի ժողովրդական արտիստ Ռոման Բալայանին 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայտնում է miasin.ru-ն: Շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը ռեժիսորին մաղթել է բարգավաճում, հաջողություն և լավ տրամադրություն:

Նա ծնվել է 1941թ. Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում: 1959-1961 թթ աշխատել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում որպես դերասան: 1961-1964 թթ. սովորել է Երևանի պետական թատերական ինստիտուտում, իսկ 1969 թ. ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Որպես ռեժիսոր իր դեբյուտը նշել է 1973 թ-ին «Ռոմաշկինի էֆեկտ» ֆիլմով: Առավել հայտնի ֆիլմերն են «Թռիչքներ երազում եւ արթմնի» (1982 թ.), «Համբույր» (1983 թ.), «Պահպանիր ինձ իմ թալիսման» (1986թ.), «Առաջին սեր» (1995թ.), «Երկու լուսին, երեք արև» (1998թ.), «Դրախտային թռչուններ» (2008թ.): 1987 թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, իսկ 1997 թ. Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման: