16 ապրիլի 2011 - 16:18 AMT
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ երաժշտական «մենամարտ»

Ապրիլի 15-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ջութակահար Կարեն Շահգալդյանի և ալտահար Մաքսիմ Նովիկովի համերգը, որը կոչվում էր «Մենամարտ»: Ծրագրում ներկայացված էին Հենդելի, Լիդելի, Հայդնի, Պլայելի, Ռոլլայի և Մոցարտի ալտի և ջութակի դուետները: Համերգը անցավ բավական հետաքրքիր և ուրախ մթնոլորտում: Բացի նրանից, որ երաժիշտները նախքան նվագելը ծանոթացնում էին հանդիսատեսին տվյալ կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ, նրանք նաև կատակում էին, թեթևացնելով մթնոլորտը և դարձնելով համերգը ավելի հետաքրքիր:

«Համերգին նվագեցինք շատ բարձր տրամադրությամբ, քանի որ մեկ տարի այս ծրագիրը չէինք կատարել, կրկին անգամ անդրադարձանք դրան, և ամեն ինչ շատ թարմ էր»,- ասաց Շահգալդյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Շահգալդյանը նշեց նաև, որ բավական դժվար էր ծրագրի ընտրությունը, քանի որ նման դուետի համար ռեպերտուարը բավական սահմանափակ է, և իրենք մեծ աշխատանք են տարել այն կազմելու համար: Այն հարցին, թե ով հաղթեց «մենամարտում», Շահգալդյանը ասաց. «Արդյունքում հաղթեց երաժշտությունը»:

Կարեն Շահգալդյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, և հանդիսանում է իր սերնդի ամենապահանջված ջութակահարներից մեկը: Ելույթ է ունենում ինչպես առանձին, այնպես էլ «Խաչատրյան տրիոյի» կազմում:

Մաքսիմ Նովիկովը ելույթ է ունենում որպես կամերային երաժիշտ, համագործակցում է բազմաթիվ նվագախմբերի հետ, ելույթ է ունենում Քսենիա Բաշմետի, Կարեն Շահգալդյանի, Բորիս Անդրիանովի, ինչպես նաև «Խաչատրյան տրիոյի» հետ: