18 ապրիլի 2011 - 12:53 AMT
Ֆրանսիայի հայ համայնքը նախագահ Սարկոզիին մեղադրում է դավաճանության մեջ

Հայտնի ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը դիմել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման վերաբերյալ բաց նամակով: Նամակում մասնավորապես ասվում է. «Որպես ֆրանսահայ լրագրող, Հայոց ցեղասպանությունից տուժած և Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից իմ հոր որդին, ես , ինչպես նաև այլ ֆրանսահայեր, որոնք «ինտեգրվել են ֆրանսիական հանրությանը», խիստ վրդովված եմ: Վրդովված են նաև Ազգային ժողովի ու Սենատի պատգամավորները՝ Wikileaks-ի միջոցով իմանալով, որ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, աջակցություն խոստանալով Ֆրանսիայի հայ համայնքին Հայոց ցեղասպանության ուրացման դեմ պայքարում, հրաժարվել է իր խոսքից: Ես մեջբերում եմ Ձեզ. «Ես լիովին կիսում եմ ձեր այն ցանկությունը, որ Ֆրանսիան պետք է դեմ հանդես գա ոճրագործությանը, բռնության քարոզչությանը: Եվ Ֆրանսիան պետք է դատապարտի հանցագործության ժխտումը: Դա պետք է որոշեն խորհրդարանականները: Զոհերի ու նրանց հարազատների հիշատակը վիրավորելու համար պետք է պատասխան տալ: Խոսքի ազատություն չի նշանակում պատմության վերանայման ազատություն կամ ակնհայտ պատմական փաստերի մերժում: Ես չեմ ընդունում այն, որ ֆրանսահայերը սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե ընդունվի այդ օրենքը»:

Դա գրված էր ապրիլի 24-ի Ձեր ուղերձում: Մի քանի շաբաթ անց, 2007թ. մայիսի 16-ին ձեր դեսպանորդ ու դիվանագիտական խորհրդական Ժան Դավիթ Շեվիտը, շտապեց հանգստացնել Թուրքիային Ձեր անունից:

Այդպիսով, մոտ 500 000 ֆրանսահայեր արդարացիորեն գտնում են, որ Դուք նրանց դավաճանել եք: Այդպիսով, օտարերկրյա կառավարությունը կարող է ազդել Ֆրանսիայի քաղաքականության վրա…Դա կարելի էր ակնկալել, քանի որ Սենատում Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղիսը 2011թ. ապրիլի 7-ին թույլ տվեց իրեն դիմել սենատորներին՝ Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրենքի ընդունումից զերծ մնալու կոչով:

Հիշեցնեմ Ձեզ, որ միշտ հավասարակշռված Շառլ Ազնավուրը հայտարարեց, որ հայ համայնքը չի քվեարկի Ձեր օգտին, եթե օրենքը չընդունվի: Դա կնշանակի, որ Թուրքիայի ազդեցությունը հասավ այն գագաթնակետին, որը վնասում է պետական քաղաքականությանը:

Պարոն նախագահ, հավանաբար, Դուք կընթերցեք այս նամակը, եթե ժամանակ գտնեք: Ֆրանսահայերը մտադիր չեն կրկին անգամ զոհ դառնալ: Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի քվեարկության շեմին Ֆրանսիայի հայ համայնքը կոչ է անում Ձեզ կատարել խոստումը»: