18 ապրիլի 2011 - 15:23 AMT
Կարծիքներ. Կնպաստե՞ն օրինական ընտրությունները ՀՀ-ում «Հազարամյակի մարտահրավերի» դրամաշնորհների հատկացմանը

Հաջորդ տարի օրինական ընտրություններ անցկացնելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա նոր հայտեր ներկայացնել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային նոր դրամաշնորհներ ստանալու համար: Ապրիլի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հայտարարության՝ «Հազարամյակի մարտահրավերի» գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի դադարեցման մասին:

Միաժամանակ, նա հավաստիացրել է, որ «ոչ մի նոր բան դեսպանը չի ասել, իսկ ֆինանսավորման կասեցման մասին հայտնի էր արդեն 2009 թվականին, եթե ոչ 2008-ին», քանի որ, ըստ նրա, 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները միջազգային կառույցները գնահատեցին որպես ժողովրդավարության բավարար մակարդակի բացակայություն:

Իր հերթին քաղաքագետ Անուշ Սեդրակյանը հայտարարել է, որ ֆինանսավորման դադարեցման մասին իր որոշմամբ ամերիկյան կորպորացիան հասկացնում է Հայաստանին, որ նա դուրս է մնում հավասարազոր երկրների ընդհանուր ինտեգրացիոն ցանցից: «Դա ոչ թե ուղերձ է ընտրությունները լավ կազմակերպելու մասին, այլ պետության ռազմավարության ընդհանուր ուղղվածությունն է, որը չես փոխի ոչ մի բարեփոխումներով»,-ասել է նա: Այդ առնչությամբ Անուշ Սեդրակյանը հավելել է, որ ընտրությունների օրինականության գործոնը կորպորացիայի համար ամենակարևորը չէ, քանի որ կան այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են պետկառավարման արդյունավետություն, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: