Վրաստանում ՀՀ դեսպանը Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկել է Վրաստանում եկեղեցիների կարգավիճակի հարցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ, Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտիին, որը հանդիսանում է Վրաստանում դիվանագիտական կորպուսի ավագ ներկայացուցիչը` ծառայելով այնտեղ 2001 թվականից: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ջերմ ընդունելությունից հետո կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանում կրոնի ազատության, ավանդական դավանանքների եկեղեցիների համար իրավաբանական կարգավիճակի տրամադրման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայաստանի դեսպանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին երախտիքի խոսք հայտնեց` Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչությանը հասցեագրված Սուրբ Աթոռի կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանում իրագործվող հումանիտար ուղղությամբ այլ միջացառումների համար:

Հանդիպման ավարտին Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտին ջերմորեն շնորհավորեց Հայաստանի դեսպանին առաքելության ստանձման կապակցությամբ եւ մաղթեց հաջողություններ հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---