19 ապրիլի 2011 - 17:11 AMT
Արտաշես Ներսիսյան. Հաճելի է, որ իմ երկու սաները կարողացան Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճել

«Մենք առաջնությանն ամբողջական կազմով չէինք մասնակցում, բայց ես գոհ եմ արդյունքից, քանի որ իմ երկու ծանրամարտիկները 6 մեդալ նվաճեցին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Եվրոպայի փոխչեմպիոն դարձան Էլեն Գրիգորյանը (53կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+75կգ), որոնք նաև փոքր արծաթե մեդալներ նվաճեցին:

«Էլենը չափահասների առաջնությանն առաջին անգամ էր մասնակցում, և մեզ համար շատ կարևոր է, որ նա մեդալներ նվաճեց: Իսկ Հռիփսիմեն մեր ամենաուժեղ և տիտղոսակիր մարզիկներից է, և ես կարող եմ ասել, որ նա նույնպես հաջող է ելույթ ունեցել: Բայց մեր գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է լինելու»,- ասել է մարզիչը:

Ներսիսյանի խոսքով, նախքան աշխարհի առաջնությունը հավաքականի մյուս անդամները կհասցնեն վերականգնվել և միանալ ընտրանուն: Ծաղկաձորում և Գյումրիում ծանրամարտիկները 7-8 ուսումնամարզական հավաք կանցկացնեն, իսկ նրանցից ոմանք կմասնակցեն տարբեր մրցաշարերի: «Քրիստինե Պետրոսյանը հունիսին ելույթ կունենա երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: Մենք ներկայացուցիչ կունենանք նաև պատանիների Եվրոպայի առաջնությունում»,- նշել է Ներսիսյանը:

Նշենք, որ աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերին Փարիզում: