20 ապրիլի 2011 - 09:31 AMT
Գևորգ Պողոսյան. Ինքնավստահությունը խանգարեց ինձ նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը

Ծանրամարտի Եվրոպայի 2011թ. առաջնությունում Գևորգ Պողոսյանն առաջին անգամ ելույթ ունեցավ մինչև 94կգ քաշային կարգում և բրոնզե մեդալ նվաճեց: 85կգ քաշային կարգում անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոնը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ իր հնարավորություններից ցածր ելույթ ունեցավ:

«Ես դժգոհ եմ իմ արդյունքից, քանի որ շատ լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեի: Ես Եվրոպայի առաջնությանը մեկնում էի ոսկե մեդալ նվաճելու, սակայն ինքնավստահությունը խանգարեց ինձ: Կփորձեմ հետագայում շտկել իմ սխալները»,- խոստովանեց Պողոսյանը:

Ծանրամարտիկի խոսքով, նա իր առջև նպատակ է դրել` հաջող ելույթ ունենալ Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունում. «Մեզ համար շատ կարևոր է ողջ թիմով ելույթ ունենալ Լոնդոնի Օլիմպիական խաղերում, և մենք պետք է Փարիզում ուղեգրեր նվաճենք: Իմ Եվրոպայի առաջնության սխալը չպետք է կրկնվի, քանի որ ես իրավունք չունեմ հուսախաբ անելու հավաքականին»:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը Կազանում կայացած Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձավ 5 մեդալներով. արծաթե մեդալակիր դարձավ Արայիկ Միրզոյանը (77կգ), բրոնզե` Գևորգ Պողոսյանը (85կգ) և փոքր բրոնզե մեդալ նվաճեց Սմբատ Մարգարյանը (56կգ):