20 ապրիլի 2011 - 12:40 AMT
LA Times. Այն, որ Օբաման չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ոչ թե հեռատեսություն է, այլ վախկոտություն

«Հեռատեսության ու բարոյական վախկոտության միջև սահմանը պետք է հստակ լինի, հատկապես, երբ խոսքը գնում է դիվանագիտության մասին: Ամերիկացիների համար այդ հարցն առանձնակի սրություն ստացավ այս շաբաթ, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 96-րդ տարեդարձը: 1915-23թթ. 1,5 մլն հայ սպանվեց, ազգային զտումների արդյունքում Արևելյան Անատոլիայից արտաքսվեց մի ողջ ժողովուրդ, որը դարերով էր ապրել այդ հողի վրա»,-իր հոդվածում գրում է Los-Angeles Times ամերիկյան թերթի մեկնաբան Թիմ Ռաթթենը:

Ամերիկացի մեկնաբանը գրում է, որ ոչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ոչ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այդ պատամական իրողությունը «ցեղասպանություն» չեն անվանում, քանի որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, ինչպես և նախորդը, դեմ է այդ փաստի ճանաչմանը: Նպատակահարմարության այդ ակտը հատկապես սուր ցավ է պատճառում, քանի որ, լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու Օբաման հայտարարեց, թե Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, որը կասի ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Այդ դեպքում ինչո՞ւ է վարչակազմը դեմ այդ փաստի ճանաչմանը»,-գրում է Ռաթթենը:

Մեկնաբանն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության փաստը լայնորեն փաստագրված է ինչպես պաշտոնական փաստաթղթերում, այնպես էլ ԶԼՄ-ների հրապարակումներում: Ռաթթենը գրում է, որ միայն New-York Times-ը 150 հեռագիր է հրապարակել այդ իրադարձությունների մասին:

«Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը և դա ոչ միայն հարգանքի տուրք է զոհերի հիշատակին, այլ նաև հույս, որ նրանց օրինակը կամրապնդի մեր վճռականությունը՝ դիմակայելու համար նման հանցագործություններին ապագայում»,-եզրափակում է Ռաթթենը: