20 ապրիլի 2011 - 14:12 AMT
Չեխիայի հայ համայնքը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին ժամը 17.00-ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման երեկո, որը կազմակերպել են Հայ առաքելական եկեղեցին եւ Չեխիայի հայկական համայնքը։ Երեկոն կանցկացվի Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո։ Ելույթներ կունենան Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիթ Ղուկասյանը, եւ այլք։ Այնուհետեւ ներկաները կդիտեն հեռուստալրագրող Արտյոմ Երկանյանի «Թոռների պատասխանը» վավերագրական ֆիլմը։ Երեկոն կեզրափակվի դասական երաժշտության համերգով։ Ելույթներ կունենան «Մուզիկա պոետիկա» չեխական երգչախումբը, ջութակահարներ Աննա Համբարձումյանը եւ Արմեն Սարգսյանը, պատանի դաշնակահար Սոնա Քոլոյանը եւ երգչուհի Վարինե Մկրտչյանը։ Համերգային մասը կեզրափակի վիրտուոզ դաշնակահար Վազգեն Վարդանյանը, ասվում է «Օրեր» հանդեսի պաշտոնական կայքում:

Նույն օրը Պրահայի Սուրբ Յիլիի եկեղեցում կմատուցվի Սուրբ Զատիկի պատարագ, իսկ եկեղեցու հարեւանությամբ գտնվող GH Art Gallery ցուցասրահում ժամը 19.00-ին կբացվի հայ եւ օտար նկարիչների ցուցահանդես։

Ապրիլի 24-ին ժամը 12.00-ին Յիհլավա քաղաքի Սուրբ Հոգու եկեղեցում տեղի կունենա ժամերգություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կկատարվի նաեւ Սուրբ Զատիկի ավանդական արարողությունը, իսկ Խաչքար հուշարձանի մոտ «Հանուն խաղաղության» միջոցառմանը կմասնակցեն նաեւ Յիհլավայի Արվեստի գրաֆիկական դպրոցի սաները։ Միջոցառումը կազմակերպել է «Ուրարտու» հայ-չեխական ընկերությունը: