Քոչարյանների ընտանիք-«Ժամանակ» օրաթերթ գործով դատավճիռը կկայացվի մայիսի 5-ին

PanARMENIAN.Net - Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով դատավարության դատական նիստը տեղի ունեցավ Առաջին ատյանի դատարանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժամանակ» օրաթերթի շահերի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը, դատաքննության ընթացքում պաշտպանվող կողմը պնդեց, որ Քոչարյանների ընտանիքը չի ներկայացրել հայցադիմումն օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, ուստի այն պետք է անվավեր ճանաչվի:

«Մենք նաև նշեցինք, որ թերթի հրապարակումը չի պարունակում վիրավորանք և զրպարտություն, ինչպես հայտարարում է Քոչարյանների ընտանիքը: Եթե թերթը գրել է, որ Քոչարյանների ընտանիքն ինչ-որ կապեր ունի դեղագործական բիզնեսի հետ, դա զրպարտություն եւ վիրավորանք չէ»,- նշեց փաստաբանը: Նրա խոսքով, մեղադրող կողմը մատնացույց է անում, որ հրապարակման մեջ տեղ է գտել սխալ տեղեկատվություն, որը թերթի խմբագրությունը պատրաստակամություն է հայտնել ուղղել:

«Սակայն նրանք բնավ շահագրգռված չեն դրանում`հրաժարվելով տվյալներ ներկայացնել, ինչն էլ անտրամաբանական է դարձնում Քոչարյանների պահանջը: Նրանց նպատակը ոչ թե հերքում տպագրելն է, այլ այն, որ թերթը ֆինանսական կորուստ ունենա»,- ասաց Բաղդասարյանը, հայտնելով, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 5-ին, և այդ ժամանակ էլ դատարանը կհրապարակի վճիռը:

Հիշեցնենք, որ Քոչարյանների ընտանիքը դատի էր տվել «Ժամանակ» օրաթերթը 2010 թվականի սեպտեմբերին հրապարակված նյութերի կապակցությամբ, որտեղ հրապարակման հեղինակը գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելա Քոչարյանը կապ ունի դեղագործական բիզնեսի հետ, իսկ Սեդրակ Քոչարյանը` նախագահի ավագ որդին, ադամանդի հանքերի սեփականատեր է Հնդկաստանում: Զրպարտության և վիրավորանքի համար Քոչարյանների ընտանիքը թերթից պահանջում է 6 միլիոն դրամի չափով փոխհատուցում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---