20 ապրիլի 2011 - 17:49 AMT
Հոկտեմբերի երրորդ կիրակին Հայաստանում կնշեն գյուղատնտեսության աշխատողի օրը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Ինչպես հաղորդում է գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են համալսարանի հետ նախարարության համագործակցության հարցերը:

Հանդիպման ընթացքում նախարարն առհասարակ կարևորել է երիտասարդ կադրերի խրախուսումն ու նրանց ընդգրկվածությունը Հայաստանի կառավարման համակարգում: «Ես առաջին քայլերն արդեն կատարել եմ: Գյուղատնտեսության փոխնախարարների պաշտոններ են զբաղեցնում երիտասարդներ, ովքեր այս բուհ-ի շրջանավարտներն են, և պատրաստ եմ կրել պատասխանատվություն` չնայած վստահ եմ, որ արդյունքներն ավելի քան հուսադրող են լինելու», - ասել է նախարարը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, Հայաստանի պետական ագրարային համալսարանին գյուղատնտեսության նախարարի անունից կհատկացվի կրթաթոշակ, սահմանված խրախուսական երկու կրթաթոշակները կտրվեն ՀՊԱՀ-ի` լավագույն արդյունքներ և առաջադիմություն ցուցաբերած մարզաբնակ ուսանողներին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՊԱՀ շրջանավարտների լավագույն գիտական աշխատանքները ֆինանսավորելու և արտադրությունում ներդնելու վերաբերյալ: Նախարարը հայտարարել է նաև հոկտեմբերի 3-րդ կիրակին գյուղատնտեսության աշխատողի օր հայտարարելու նախաձեռնության մասին: