Միջազգային փորձագետները կոչ են անում ընդլայնել Հայաստանի հակամենաշնորհային մարմնի լիազորությունները

PanARMENIAN.Net - Երևանում տնտեսական մրցակցության խնդիրների քննարկում կայացավ Հայաստանի տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հրավերով Գերմանիայի դաշնային հանրապետությունից և Լիտվայի հանրապետությունից ժամանած միջազգային փորձագետների, Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև պետական գերատեսչությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը, քննարկումների գլխավոր թեման Հայաստանի հակամենաշնորհային մարմնի լիազորությունների ընդլայնումն էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրինագծով:

Փորձագետները ողջունեցին ՏՄՊՊՀ լիազորությունների ընդլայնումը, սակայն նշեցին հակամենաշնորհային մարմնին տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ իրականացնելու իրավունքով օժտելու անհրաժեշտությունը: ՀՀ Ազգային Ժողովը մերժել էր ՏՄՊՊՀ-ին այս լիազորությամբ օժտելու հարցը` այն մեկնաբանությամբ, որ նման ստուգումների լիազորությամբ օժտված է Պետական եկամուտների կոմիտեն և անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն տրամադրել Հանձնաժողովին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումը կազմակերպել էր «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ (Twinning) ծրագրի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---