21 ապրիլի 2011 - 11:31 AMT
Արեգ Միքայելյան. Գիտության ֆինանսավորման համար պետք է բարձրացնել դրա հեղինակությունը հասարակության մեջ

Գիտություն ֆինանսավորումն ավելացնելու համար նախ անհրաժեշտ է բարձրացնել դրա հեղինակությունը հասարակության մեջ, գտնում էՀայկական աստղագիտական ընկերության ղեկավար Արեգ Միքայելյանը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ գիտության զարգացման համար ներդրումներ են հարկավոր, բայց հարկավոր են նաև այլ սուբյեկտիվ միջոցներ, մասնավորապես գիտության հեղինակության բարձրացում: Միքայելյանն ընդգծել է, որ աշխարհի ցանկացած երկրում գիտությունը ֆինանսավորում են այն ծավալով, որով դրան վերաբերում է այդ երկրնրի հասարակությունը: Գիտնականը նշել է, որ Հայաստանում գիտության համար պետբյուջեի 0,8%-ն է հատկացվում, մինչդեռ զարգացած երկրներում այդ թիվն առնվազն մի քանի տոկոս է կազմում: Նա ավելացրել է նաև, որ թեև Հայաստանում գիտությունը զարգանում է, հարաբերական իմաստով այն հետ է մնում զարգացած երկրներից, որոնց գիտության զարգացման տեմպերն անհամեմատելի արագ են:

Դրա հետ մեկտեղ Միքայելյանը կասկած է հայտնել, որ պետությունը կկարողանա մոտակա տարիներին կտրուկ ավելացնել հայկական գիտության ֆինանսավորումը: «Միգուցե 20%-ով, բայց ոչ մի քանի անգամ, որպեսզի մենք համաշխարհային մակարդակին հասնենք»,- նշել է նա: Նրա կարծիքով, գիտության, մասնավորապես աստղագիտության ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր կարող են դառնալ միջազգային կազմակերպություններն ու կառույցները:

«Ընդ որում` դրանք ավելի հասանելի են, քան այն, ինչ մենք փնտրում ենք մեր պետության ներսում»,- նկատել է նա: Սակայն նա ընդգծել է, որ օրինակ Բյուրականի աստղադիտարանի ենթակառույցն ինքը չի կարող գործել միջազգային գրանտերի հաշվին: «Եթե մենք մեր երկրում ինչ-որ հաստատություն ունենք, ապա դրա մասին պետք է հոգ տանի ինքը` պետությունը, այլ որ թե նրա աշխատակիցները ֆինանսավորման հնարավորություններ փնտրեն»,- ընդգծել է Միքայելյանը: Նա նշել է, որ թեև աստղագիտությունը թանկ գիտություն է, Հայաստանում այն արդեն կա, և անհրաժեշտ ու նպատակահարմար է շարունակել դրա զարգացումը, որպեսզի հայկական աստղագիտական հռչակավոր մտքի ավանդույթները պահպանվեն: