21 ապրիլի 2011 - 18:50 AMT
«Թումանյանական հեքիաթի օր» թվով 6-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի մայիսին

Մայիսի 21-27-ը Լոռվա մարզի Դսեղ գյուղում տեղի կունենա ամենամյա տիկնիկային թատրոնների «Թումանյանական հեքիաթի օր» թվով 6-րդ միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու են ընդհանուր թվով 14 թատերախմբեր աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից, Արցախից և Ջավախքից: Փառատոնի հանդիսավոր բացումը ազդարարվելու է «Տիկնիկները հանուն խաղաղության և բարեկամության» տիկնիկային ներկայացումով:

Բացման արարողությունից հետո կսկսվի բացօթյա թատերականացված տոնախմբություն, որի ավարտից հետո կսկսվեն փառատոնի առաջին ներկայացումները: Հաջորդ օրերին փառատոնի ծրագիրը կշարունակվի Դսեղի մշակույթի տան և գյուղապետարանի դահլիճներում, իսկ փառատոնի ավարտին մասնակից թատրոններին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:

Փառատոնի օրերին կտրվեն տիկնիկային արվեստի վարպետության դասեր, կգործեն տիկնիկների ցուցահանդես, ամենօրյա երեկոյան ակումբներ, կանցկացվեն էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Փառատոնը կազմակերպվում է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի` «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանի» կողմից: