21 ապրիլի 2011 - 18:56 AMT
Սբ.Աննայի շինարարական աշխատանքներով զբաղվող ընկերությունը արձագանքել է հանրային կարծիքին

«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերությունը, որը զբաղվում է սբ.Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքներով, արձագանքել է եկեղեցականների, քաղաքագետների և պարզապես մայրաքաղաքի բնակիչների վրդովմունքին և այն մտավախություններին, որ նոր եկեղեցական համալիրի կառուցումը կփչացնի Սուրբ Կաթողիկե եկեղեցու տեսքը:

«Սուրբ Աննա եկեղեցու շինարարական աշխատանքները ամբողջապես համաձայնեցված են Քաղաքաշինության պետական տեսչության և Հուշարձանների պահպանության գործակալության հետ: Հաշվի են առնված եկեղեցիների տարածքներին բնորոշ բոլոր առանձնահատկությունները, ներառյալ այն փաստը, որ եկեղեցին կառուցվել է նախկին սրբավայրի հիմքի վրա: Շինարարության ընթացքում կատարվել է տարածքի հետազոտություն և պեղումներ», - նշում է «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ընկերության հիմնադիր տնօրեն Գարիկ Չիլինգարյանը:

Շինարարական աշխատանքներն սկսվել են մոտ մեկ ամիս առաջ, որի արդյունքում ապրիլի 1-ին հայտնաբերվել է պատի մեջ ներկառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր: Հայտնաբերվել է նաև 17-րդ դարի բազիլիկի պատի մի դրվագ, որը պայթեցվել է 1936 թվականին ստալինյան բռնադատումների ժամանակ և նույն դարաշրջանի թվագրությամբ երեք կարաս: