22 ապրիլի 2011 - 13:18 AMT
Հակադիֆամացիոն լիգան կրկին ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Հակադիֆամացիոն լիգան (ADL) կրկին հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը` «ընդհանուր պատմության շուրջ տարաձայնությունները լուծելու» համար: ADL-ը խորհուրդ չի տալիս նաև Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որևէ բանաձև ընդունել:

ADL ղեկավարությունը` ի դեմս Գլեն Լևիի և Աբրահամ Ֆոքսմանի հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսվում է երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության մասին, և Հայաստանը պետք է արձագանքի պատմական հանձնաժողովի ստեղծման մասին Թուրքիայի մի քանի առաջարկներին:

«Մենք գտնում ենք, որ կան բազմաթիվ հայտնի պատմաբաններ և ականավոր համաշխարհային առաջնորդներ, որոնք պատրաստ են տրամադրել այդ հարցի վերաբերյալ իրենց գիտելիքները, փորձն ու դատողությունները: Այս տարվա սկզբին պրոֆեսոր Էլի Վիզելը և Նոբելյան մրցանակի ավելի քան 50 դափնեկիրներ Թուրքիայի և Հայաստանի կողմից կոնկրետ քայլերի կոչ արեցին, որպեսզի ճանապարհ գտնեն հաշտության հասնելու համար: Անցյալ շաբաթ պրոֆեսոր Վիզելը հաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծմանը: Մենք վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության հարցն ԱՄՆ Կոնգրեսի իրավասությունների մեջ չի մտնում»,- ասվում է ADL հայտարարության մեջ: