22 ապրիլի 2011 - 13:36 AMT
Ադրբեջանի իշխանությունները խստացնում են օտարերկրյա լրագրողներին մուտքի արտոնագրի հանձնումը

Մի շարք արտասահմանյան լրագրողներ, որոնք մուտքի արտոնագիր ստանալու համար դիմել են արտասահմանում Ադրբեջանի դեսպանատուն, անակնկալ կերպով բախվել են «ռեժիմի խստացման» հետ: Այսպես, լրագրողներին խնդրում են ներկայացնել նյութերը, որոնք մինչև հիմա գրել են Ադրբեջանի մասին, ինչպես նաև հարցնում են, թե ինչու է նրանց թերթը կամ հեռուստատեսությունը ինչ-որ բացասական բան ասել Ադրբեջանի մասին: Ադրբեջանի հասցեին քննադատության առկայության դեպքում մուտքի արտոնագիր չի տրվում: Այդ մասին Turan գործակալությանը տված հարցազրույցում պատմել է անվանի արևմտյան լրագրողը, որը ցանկացել է անհայտ մնալ և որը բախվել է նման խնդրի հետ:

Միաժամանակ, նա նշել է ևս մեկ լրագրողի անուն, որին դեսպանատներից մեկում հարցեր են տվել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին, թե ում հետ է նա մտադիր հանդիպել և այլն:

Ադրբեջանի իշխանություններն իրենց համար կազմել են միջազգային կառույցների և կազմակերպությունների ցուցակ, որոնց ներկայացուցիչների հետ հրաժարվում են հանդիպել կամ հարցազրույց տալ, քանի որ նրանց զեկույցներում և հաշվետվություններում առկա է Ադրբեջանի հասցեին քննադատություն: Եթե այդպես շարունակվի, ապա ԱԳՆ-ի և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները ստիպված կլինեն հարցազրույց տալ միայն ԱԶՏՎ-ին: