2011-ին «Ամերիաբանկի» ուշադրության կենտրոնում կլինի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը

2011-ին «Ամերիաբանկի» ուշադրության կենտրոնում կլինի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Վարկային պորտֆելի դիվերսիֆիկացիան ապահովելու նպատակով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն մտադիր է ընդլայնել ՓՄՁ վարկավորումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սննդի արդյունաբերությունը, էներգետիկան և այլն: Այդ մասին ապրիլի 22-ին ճեպազրույցում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «ՓՄՁ գծով բանկի վարկային պորտֆելի ծավալը հասել է 8.5 մլրդ դրամի: Դա, իհարկե, այս տարվա համար մեր նպատակային ցուցանիշը չէ, մենք ՓՄՁ ոլորտում բավական հավակնոտ ծրագիր ունենք»,- ասել է նա և հավելել, որ տարին աշխատատար է լինելու, քանի որ դրվել է այս ուղղության հաշվին վարկային պորտֆելի 30-40 տոկոս աճի ապահովում:

Ինչպես նշել է Ջրբաշյանը, բանկի վարկային պորտֆելը տարեկան կտրվածքով ավելացել է 71 տոկոսով, մարտի վերջին կազմելով 104.9 մլրդ դրամ, իսկ ապրիլի 20-ի դրությամբ` 110 մլրդ դրամ:

Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը` Ջրբաշյանը նշել է, որ 2011-ին ներգրավվելու է շուրջ 40-50 մլն դոլար:

Պորտֆելի աճի 93 տոկոսն ապահովվել է իրավաբանական անձանց տրված վարկերի հաշվին, որոնք հաշվետու եռամսյակի ընթացքում աճել են ավելի քան 18 տոկոսով: Իրավաբանական անձանց վարկերը, որոնք ընդհանուր պորտֆելի ավելի քան 85 տոկոսն են, 31.03.11թ. դրությամբ կազմել են 88 մլրդ դրամ:

Ամերիաբանկը 31.03.11թ. դրությամբ ապահովել է վարկային պորտֆելի բարձր որակ` Բանկի վարկային պորտֆելում դասակարգված վարկերը կազմում են ամբողջ պորտֆելի ընդամենը 0.64 տոկոսը:

Ամերիաբանկի ակտիվները հաշվետու եռամսյակում աճել են 5 տոկոսով և եռամսյակի վերջին կազմել 161 մլրդ դրամ: 2011-ի ապրիլի 20-ի դրությամբ Ամերիաբանկի համախառն վարկային պորտֆելը /ներառյալ ֆինանսական լիզինգը և ֆակտորինգը/, կազմել է 111 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---