23 ապրիլի 2011 - 13:37 AMT
Այսօր երեկոյան Երևանում 12-րդ անգամ կանցնի Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Այսօր երեկոյան արդեն 12-րդ անգամ Երևանում կկայանա Ջահերով երթը դեպի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ: Ինչպես հայտնեց ՀՅԴ Հայաստանի երիտասարադական միության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, այս տարի Ջահերով երթի մեկնարկը կտրվի Արամ Խաչատրյանի արձանի մոտից ժամը 20:00: Մինչ այդ, ժամը 19:00 ելույթով հանդես կգան ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներ:

“Այս տարի Ջահերով երթին պաշտոնապես կմասնակցեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող երիտասարդներ, քանի որ իրենց ազգերն էլ տուժել ու ցեղասպանության ենթարկվել Օսմանյան կայսրությունում”,- ասաց Արթուր Ղազարյանը: Նրա խոսքով, տարեցտարի Ջահերով երթին ավելի շատ երիտասարդ է մասնակցում` անկախ կուսակցական պատկանելիությունից:

Ղազարյանը նշեց, որ եթե 12 տարի առաջ Երևանում Ջահերով երթին մասնակցել է 100-150 հոգի, ապա այս տարի նախատեսվում է, որ մասնակիցների թիվը կհասնի 10-15 հազարի:

“Այս տարի Հայաստանի 13 քաղաքաներում, ինչպես նաև Ստեփանակերտում 7s կանցկացվի Ջահերով երթը: Երթի ժամանակ հայ երիտասարդները կրկին կոչ կանեն աշխարհին ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաև կպահանջեն մեր իշխանություններից գերեզմանել հայ-թուրքական Արձանագրություննեը: Ոչ մի’ զիջում թուրքերին”,- նշեց ՀՅԴ Հայաստանի երիտասարադական միության ներկայացուցիչը:

Արթուր Ղազարյանի կարծիքով, երթին մասնակցող 16-18 տարեկան երիտասարդները անկախ Հայաստանի սերունդն են: “Եթե երիտասարդը ջահը ձեռքին անձրևի տակ քայլում է դեպի Ծիծեռնակաբերդ, դա նշանակում է, որ նա պահանջատեր է իր պատմական հայրենիքի վերականգման համար: Ապրիլի 24-ը սգո, հիշատակի օր է հայ ժողովրդի համար, իսկ ապրիլի 23-ը` պայքարի օր”,- ասաց Արթուր Ղազարյանը:

Բաղրամյան-Օրբելի-Կիևյան ուղղությամբ երիտասարդները կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ խունկ կծխեցվի 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին: