Սերժ Սարգսյան. Ցեղասպանության օրերին հայերի մեծ մասը մնաց անպաշտպան՝ սա դառը դաս է

Սերժ Սարգսյան. Ցեղասպանության օրերին հայերի մեծ մասը մնաց անպաշտպան՝ սա դառը դաս է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 1915-1923 թվականներին հայության, մարդկության ու քաղաքակրթության դեմ կատարվել է ոճիր, որ այդ ժամանակ դեռ անուն չուներ: Հետագայում տրված բոլոր անուններն ու բնորոշումները` լինեն բարոյական, իրավական, թե քաղաքական, պայմանական են և միայն մասնակիորեն են արտահայտում կատարվածը: Ողբերգության ողջ ծավալն ու խորությունը գիտենք միայն մենք, և յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, իր անձնական ճակատագրի վրա է զգում Մեծ եղեռնի ավերիչ հետևանքները թե՛ բարոյական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով:

Օսմանյան կայսրության կողմից պետականորեն իրականացվել է հայ ժողովրդի բնաջնջման և հայրենազրկման ծրագիր: Դրա իրականացման բոլոր փուլերում հայերի սպանդը, բռնագաղթը, կրոնափոխությունն ու ստրկացումը Թուրքիայի ներքին կյանքում դիտվել են որպես սովորական, կենցաղային մանրուքներ: Իսկ արտաքին միջամտությունները ո՛չ միայն չեն կանգնեցրել հանցագործներին, այլև առանձին դեպքերում վերջիններիս մղել են ավելի կտրուկ գործողությունների»:

«Բայց հակառակ բոլոր հրեշավոր ծրագրերի ու հաշվարկների` հայ ժողովուրդը վերապրեց Մեծ եղեռնը: Վերապրեց անդառնալի կորուստներով, մաքառեց 20-րդ դարում իրեն բաժին ընկած այլ արհավիրքների դեմ, որպեսզի իր հաղթանակած անկախ պետականությամբ մուտք գործի նոր հազարամյակ: Պետականություն, որ այլևս թույլ չի տալու նման հանցագործության կրկնություն: Պետականություն, որ պաշտպանելու է իր արդար դատը և միջազգային ատյաններում պայքարելու է ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար:

Եթե նախորդ դարի 20-ական թվականներին մեր ազգի և երկրի առջև ծառացած էր չմեռնելու, աշխարհի երեսից չվերանալու, վերապրելու խնդիր, ապա մերօրյա Հայաստանի խնդիրներն այլ են: Մեր առջև բացված են պատմական ճշմարտության վերականգնման, զարգացման, առաջընթացի և արարելու լայն հորիզոններ:

Հայաստանի Հանրապետությունն իր գործնական քայլերով հստակորեն ցույց է տվել, որ ինքը, չնայած պատմության սև էջերին, ձգտում է խաղաղության իր հարևանների հետ, նույն Թուրքիայի հետ: Այնտեղ այսօր, առավել քան երբևէ, հնչում են ողջախոհության ձայներ: Մենք բարձր ենք գնահատում ինչպես անհատ թուրք մտավորականներին, այնպես էլ հանուն արդարության իրենց ձայնը բարձրացնող ազնիվ մարդկանց, որոնք քիչ չեն աշխարհում:

Սակայն, դրանով հանդերձ, Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը շարունակում է մերժման ուղեգիծը: Ավելին` այն «կատարելագործվում է», և դառնում է իբր «ավելի ճկուն», նախաձեռնվում են եզակի ձևական-քարոզչական քայլեր: Մեզ համար միարժեք է հետևյալը. ուրացման քաղաքականությունը եղեռնի ամենաուղղակի շարունակությունն է: Հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ նոր հանցագործություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, Ոճրագործ ծրագրի իրականացման ողջ ընթացքում և տարածքում հայերը պաշտպանվեցին ինչպես կարող էին և ինչով կարող էին` քարով, ատամներով, հրացանով: Բայց մեծ մասը մնաց անպաշտպան: Սա դաս է: Դառը դաս:

Ես վստահ եմ, որ այսօր, ինչպես ամեն տարի, չի դադարի մարդկային հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք` գլուխ խոնարհելու մեր անմեղ զոհերի հիշատակի առջև: Բայց նաև գիտեմ ու վստահ եմ, որ այդ հոսքն արդեն ներառում է ուրի՛շ հայերի` դասեր քաղած հայերի»,-ասվում է նախագահի ուղերձում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---