24 ապրիլի 2011 - 10:25 AMT
Տագանռոգում Հայոց ցեղասպանության մասին կայք է գործարկվել

Ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այդ օրը Ռոստովի մարզի Տագանռոգ քաղաքում գործարկվել է http://24april1915.info կայքը: Ինչպես հաղորդել է նախագծի ղեկավար Արմեն Գևորգյանը, նախագիծը նվիրված է 20-րդ դարի հրեշավոր ոճրագործության` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որը խլել է մեկուկես միլիոն հայերի կյանք, որոնք ենթարկվել են նպատակաուղղված ոչնչացման թուրքական կառավարության կողմից: Անցել է գրեթե 100 տարի, բայց Թուրքիան մինչև հիմա չի ճանաչում Ցեղասպանության փաստը, որն ունի անհամար փաստաթղթային ապացույցներ, որոնք պահվում են աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանության ճանաչումն աշխարհի տարբեր երկրների կողմից շարունակվում է, և ցանկանում է Թուրքիան, թե ոչ, վերջնական ճանաչումը վաղ թե ուշ տեղի է ունենալու և նա ստիպված է լինելու հաշտվել դրա հետ:

Նախագծի շրջանակներում բացվել է երկու հիմնական բաժին. առաջին, հիշատակի էջ, որտեղ ցանկացողները կարող են վիրտուալ մոմ վառել անմեղ զոհերի հիշատակին, երկրորդ, Հայոց ցեղասպանություն, որը տվյալ պահին պարունակում է համառոտ ամփոփում և դեպքերի ժամանակագրություն, որը տարածվում է «Ես գիտեմ» նախագծի շրջանակներում` կազմակերպված Genocide.ru կայքի կողմից, ինչպես նաև փաստագրական ֆիլմեր, ինչն ուղղված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության տարածմանը: Ժամանակի ընթացքում բաժինների քանակն ավելանալու է, իսկ դրանց բովանդակությունը համալրվելու է նոր նյութերով, հաղորդում է Miasin.Ru-ն: