24 ապրիլի 2011 - 11:23 AMT
«Ժառանգություն». Հայաստանը չի խնդրելու Թուրքիային ու աշխարհի այլ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Միջազգային հանրությունը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, գտնում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Գոյություն ունեն տասնյակ հազարավոր միջազգային փաստաթղթեր պետական արխիվներում, դիվանագետների ու միսիոներների վկայություններ, որոնք հաստատում են, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,-ասել է նա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Նա հայտարարել է, որ Հայաստանը չի խնդրելու Թուրքիային ու աշխարհի այլ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Յուրաքանչյուր պետություն պետք է իմանա իր պատմությունը: Այն, ինչ կատարվեց 1915 թվականին, հանցագործություն է մարդկության դեմ: Եվ եթե ԱՄՆ, ՌԴ կամ երկրի նախագահները ցանկանում են այս կամ այն տերմինը կիրառել 1915թ. իրադարձությունների բնութագրման համար, ապա նրանք պետք է գիտակցեն, որ կատարվածը ոչ միայն հայ ժողովրդի պատմությունն է, այլ նաև ողջ մարդկության, այդ թվում նաև ԱՄՆ ժողովրդի, քանի որ հենց ամերիկացի դիվանագետներն ու միսիոներներն են նկարագրել այդ իրադարձությունը»,-նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ Րաֆիի Հովհաննիսյանի, այն փաստը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս ասաց «Մեծ Եղեռն» իհարկե, բնորոշում է 1915թ. իրադարձությունները, սակայն, միաժամանակ այդ տերմինը զրկում է մարդկանց Հայրենիքից: «Այսօր Հայաստանը պահանջում է վերացնել Ցեղասպանության հետևանքները, հատուցել հայ ժողովրդի կորուստները»,-հավելել է նա: