15 մայիսի 2003 - 19:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՍԹՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի 112-րդ նստաշրջանի աշխատանքներին մանսակցելու նպատակով Սթրասբուրգում գտնվող Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը երեկ հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի, ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերի եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերի հետ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպումների ժամանակ կողմերը մանրամասնորեն անդրադարձել են Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին` ընդգծելով կայանալիք ՀՀ խորհրդարանի ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացման կարեւորությունը: Վ.Օսկանյանը ներկայացրել է նաեւ ԵԽ անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, մասնավորապես` երկրում մահապատժի վերացման հարցի վերաբերյալ: Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Սթրասբուրգում ստորագրել է Լանդշաֆտի մասին եվրոպական կոնվենցիան: Նշենք, որ այդ փաստաթուղթը սահմանում է ողջ Եվրոպայի համար լանդշաֆտի պահպանման եւ պլանավորման միասնական պահանջներ: