26 ապրիլի 2011 - 18:07 AMT
Ներկայումս Նազիկ Ավդալյանը բժշկական հետազոտություն է անցնում «Էրեբունի» կենտրոնում

«Մենք հենց նոր ենք ժամանել Երևան, և ներկայումս բժիշկները հետազոտում են Նազիկին: Առայժմ ոչինչ չեմ կարող ասել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: Ծանրամարտիկը ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան:

Նազիկ Ավդալյանը 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին Գոյանգում (Հարավային Կորեա) աշխարհի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունից հետո Ավդալյանը վնասվածքի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեց, իսկ արդեն 2011 թվականին մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու հաղթեց: Նա արդեն պատրաստվում էր 2011 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Փարիզում և վարկանիշային է լինելու: