26 ապրիլի 2011 - 20:33 AMT
Վիեննայում Ցեղասպանության ժամանակ ստիպված իսլամ ընդունած հայերի մասին ֆիլմ է ցուցադրվել

Ապրիլի 24-ին Ավստրիական ORF հեռուստաալիքով ցուցադրվեց «Կոծկված հայեր» ֆիլմն այն հայերի մասին, որոնք ստիպված էին դավանափոխ լինել:

Ֆիլմը սկսվում է նրանից, որ Հայ Առաքելական եկեղեցին, սիրիական Ուղղափառ եկեղեցին և Մխիթարյան միաբանության կաթոլիկ հայերը բոլոր ավստրիական եկեղեցիներում Զատիկի օրը կոչ են անում հիշատակել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության զոհերին:

Այնուհետև ֆիլմը պատմում է արևմտյան Թուրքիայում բնակվող հայերի մասին, որոնք Ցեղասպանությունից հետո դավանափոխ են եղել: Նրանց ստիպում էին օրը 5 անգամ նամազ կատարել, սակայն գիշերը նրանք աղոթում էին Քրիստոսին: Նրանց է վերաբերում նաև Վիեննայի ուսանող, 23-ամյա Սելիմ Դևլեթին, որի ընտանիքը Դերսիմից է: Նրանց ազգանունը մինչև 1915 թվականը Միրաքյան էր: Սելիմը Վիեննայում սկսել է հայկական եկեղեցի այցելել, անցյալ տարի կնքվել և հայերեն է սովորել: Կոծկված հայերի մասին գրել է թուրք գրող Քեմալ Յալչինը, որը բնակվում է Գերմանիայում: Սելիմը հաճախել է նրա դասախոսություններին: