27 ապրիլի 2011 - 13:22 AMT
Ստամբուլում տեղի է ունեցել ցույց` նվիրված ձերբակալված լրագրողների պաշտպանությանը

Թուրք լրագրողները և Հեղափոխական աշխատավորների համադաշնությունը (DİSK) երթ են կազմակերպել Սուլթանահմեդի հրապարակից մինչև Բայազիդա` կոչ անելով դադարեցնել ԶԼՄ-ների վրա ճնշումները: Ակցիայի մասնակիցները նաև կոչ են արել մայիսի 1-ը տոնել Ստամբուլում Թաքսիմ հրապարակում և ողջ Թուրքիայում:

Ցուցարարները նաև պահանջել են ազատ արձակել ձերբակալված լրագրողներ Նեդիմ Շեներին և Ահմեդ Շիքին: Ակցիայի ընթացքում ցուցարարները նշել են, որ Թուրքիայում գրեթե ոչինչ չի փոխվել 1980-ի սեպտեմբերի 12-ի պետական հեղաշրջումից հետո: «Լրագրողները միշտ դիմադրելու են շարժմանը»,- ասել է Radikal թերթի լրագրող և փաստաբան Օզգյուր Մումջուն, գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը:

Նեդիմ Շեները հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին գրքի հեղինակ է: Ահմեդ Շիքը գրել է «Իմամի բանակը» գիրքը, որը մինչև հրապարակումն արգելվել է: Երկու լրագրողները մեղադրվում են «Էրգենեքոն» կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ: