27 ապրիլի 2011 - 14:25 AMT
Ապրիլի 24-ին Քուվեյթում հայերը հսկումի ու մոմավառության ավանդական արարողություն են կազմակերպել

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 24-ին Քուվեյթի Սբ. Վարդանանց եկեղեցու բակում տեղի ունեցավ հսկումի ավանդական արարողությունն ու մոմավառության խորհրդանշական երթը, որից հետո ներկաները շարժվեցին եկեղեցու դահլիճ` ունկնդրելու ոգեկոչման միջոցառումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համայնքային բոլոր կառույցների համատեղ ջանքերով կազմակերպված հուշ-երեկոյի ընթացքում հնչած ելույթներն անցյալի հանրագումարն էին և աշխարհաքաղաքական նոր պայմաններում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հնարավոր ուղիների նախանշումը` միասնության, համախմբման և համատեղ ջանքերի համադրման շեշտադրմամբ:

Ելույթով հանդես եկավ նաև Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը` նշելով, որ մինչև այսօր Թուրքիայի կողմից վարվող մերժողական քաղաքականությունը պետք է լուրջ ազդակ հանդիսանա առաջին հերթին միջազգային հանրության համար` հետագա ցեղասպանությունները կանխարգելելու համար: