27 ապրիլի 2011 - 18:22 AMT
Նիկոլ Փաշինյանը կարող է Հրանտ Դինքի անվան մրցանակ ստանալ

«Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ամենամյա Հրանտ Դինքի անվան մրցանակի:

2009 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ Ստամբուլում նշում էին թուրքահայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան 55-րդ տարեդարձը, ում 2007 թվականին սպանել են Ստամբուլում, «Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ հիմնվեց լրագրողի անունը կրող մրցանակ: Միջազգային ամենամյա Հրանտ Դինքի մրցանակը հանձնվում է այն անձանց, կազմակերպություններին կամ խմբերին, ովքեր ներդրում են ունեցել ազատ ու արդար, առանց բռնությունների, ռասիզմի և խտրականության աշխարհի կայացման համար, ովքեր այդ նպատակին հասնելու համար վտանգի են ենթարկվում, կոտրում են ստերեոտիպերը` ուրիշներին հույս ներշնչելով: Մրցանակակիրները հիմնականում հայտնի են դառնում հենց սեպտեմբերի 15-ին:

Այս տարի հեղինակավոր մրցանակի ժյուրի կազմում են ընդգրկվել թուրք գրող և իրավապաշտպան Աթալեթ Աղաօղլուն, թուրքական «Գիտակցված բողոքի շարժումը», որի անդամները պայքարում են ռազմական հասարակարգի դեմ, Բալտազար Գարսոն Ռեալը, ժյուրիi միակ հայ ներկայացուցիչ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, գերմանացի քաղաքական գործիչ Դանիել Կոն-Բենդիդտը, թուրք լրագրող Հասան Ջեմալը, բանգլադեշցի իրավապաշտպան Այրին Խանը, ամերիկացի փիլիսոփա Յուդիթ Բաթլերը և Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը:

Նիկոլ Փաշինյանը 2009 թվականից գտնվում է բերդում 2008 թվականի մարտի 1-2 դեպքերին առնչություն ունենալու պատճառով: 2010 թվականի հունվարի 19-ին Ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոնի եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1 մասով (զանգվածային անկարգություններ) եւ դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հաստատությունում:

Նիկոլ Փաշինյանը 1999թ. «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է: 2008թ. մարտի 1-2 իրադարձություններից հետո նա հետախուզման մեջ էր գտնվում: 2009թ. հուլիսի 1-ին նա կամավոր հանձնվեց իշխանություններին եւ ձերբակալվեց: Հունվարի 10-ի ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրություններում նա առաջադրված էր որպես պատգամավորության թեկնածու թիվ 10 ընտրատարծքում, սակայն պարտվեց: