28 ապրիլի 2011 - 09:40 AMT
Օլեգ Եսայան. Ռուսաստանի հայ համայնքների հիմնական խնդիրներից մեկը նույնության պահպանումն է

Նիժնի Նովգորոդում իր աշխատանքն է սկսել «Հայաստանը քաղաքակրթությունների երկխոսությունում» միջազգային գիտաժողովը: Խորհրդաժողովին ներկա էին գիտական շրջանակների ներկայացուցիչներ Հայաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, քաղաքագետներ, հայ համայնքների ղեկավարներ: Գիտաժողովի պատվավոր հյուրն էր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Օլեգ Եսայանը:

Նախօրեին գիտաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը Օլեգ Եսայանը երախտագիտություն էր հայտնել Նիժեգորոդյան հայ համայնքի ղեկավարությանը նման միջոցառում կազմակերպելու համար, այն նվիրված է Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակին: Օլեգ Եսայանը պատմել է դեսպանատան գործունեության մասին, շեշտել առաջնահերթություններն ու խնդիրները, ինչպես նաև պատասխանել հավաքվածների հարցերին: Նրա կարծիքով, Ռուսաստանի հայ համայնքների հիմնական խնդիրներից մեկն է ապահովել հայրենակիցների ինտեգրումը ռուսական հասարակության մեջ և նույնության պահպանումը:

Գիտաժողովը կբացվի լիագումար նիստով, որից հետո մասնակիցները կքննարկեն տարբեր բնագավառների արդիական խնդիրները: Միջոցառումը կավարտվի «Ժամանակակից ռուս-հայկական հարաբերություններ` խնդիրներ, ձեռքբերումներ և հեռանկարներ» կլոր սեղանով, ինչպես նաև ամփոփիչ հռչակագրի ընդունմամբ, հաղորդում է «Հայերն աշխարհում» պորտալը: