28 ապրիլի 2011 - 11:11 AMT
Հայ-հոլանդական ընկերությունը Հայաստանում կհիմնի ջերմոցային համալիր

Հայաստանի կառավարությունն ապրիլի 28-ի նիստում թույլ է տվել հայ-հոլանդական «Ամստեր ֆլաուերս» ընկերությանը մինչև 3 տարի տևողությամբ երկարացնել ԱԱՀ վճարումների ժամկետները ավելի քան 300 մլն դրամ արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, 2006-ից Արմավիրում աշխատող ընկերությունը մտադիր է ջերմոցային համալիր ստեղծել և այդ նպատակով ներդնում է 1.4 մլն եվրո ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար: Արդյունքում ստեղծվելու է 60 նոր աշխատատեղ:

Կառավարությունը նաև թույլատրել է «Նուբարաշենի թռչնաֆաբրիկա» ընկերությանը երկարացնել ԱԱՀ վճարումը, քանի որ, Տիգրան Դավթյանի խոսքերով, ընկերությունը մտադիր է ներդնել 1.1 մլն եվրո` թռչնամսի արտադրության և վերամշակման նոր արտադրամաս բացելու նպատակով: Նա նշել է, որ այդ քայլերն ուղղված են Հայաստանի տնտեսության խթանմանը և զարգացմանը: