28 ապրիլի 2011 - 13:56 AMT
Հայաստանը հաղթել է Հարավկովկասյան քաղաքական բանավեճում

Հայաստանը Հարավկովկասյան քաղաքական բանավեճի եզրափակչում հաղթել է Ադրբեջանի պատվիրակությանը «Եվրոպական արևելյան հարևանությունը և եվրաինտեգրացիան Հարավային Կովկասում» թեմայով: Այն տեղի է ունեցել ապրիլի 16-22-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնել է բանավեճի մասնակից Արտակ Խաչատրյանը:

Մրցույթը կազմակերպվել է Վրաստանի կառավարության կողմից: Մասնակիցներին ընդունել է Վրաստանի խորհրդարանում Վրաստանի լեյբորիստական կուսակցության ղեկավարներից մեկը` Ջոնդի Բագատուրիան: Խաղը հեռարձակվում էր Վրաստանի հետուստաընկերություններից մեկի ուղիղ եթերով:

Բանավեճին մասնակցում էին չորս վրացական, մեկ հայկական և մեկ ադրբեջանական թիմ հնգական մասնակիցներով: Պարտվող թիմը զրկվում էր հետագայում բանավեճին մասնակցելու իրավունքից: Չորս փորձագետներից մեկը իր ձայնը տվել էր Ադրբեջանին, մյուս երեքը` Հայաստանին: Փորձագետների կազմում ընդգրկված էին Ալի Աբասովը և Արզու Աբդուլլաևան Ադրբեջանից, Ստեփան Գրիգորյանը` Հայաստանից, Սոսո Ցինցաձեն Վրաստանից: Մասնակիցներին նախորոք տրվել էր թեմա և որոշակի ժամանակ, որի ընթացքում պատրաստվում էր հիմնական ելույթը, հակառակորդին տրվող հնգական հարցերը: Չորս հարցի իրավունք ուներ հեռուստալսարանը և չորս հարց էլ տալիս են փորձագետները: Թիմի անդամներից մեկը դուրս էր գալիս և ներկայացնում հակառակորդի բացթողումներն ու սխալները: Հետո թիմի ավագների եզրափակիչ ելույթն էր տեղի ունենում,: Վերջում սկսվում էր քվեարկությունը հետուստադիտողի և ստուդիայում ներկաների շրջանում, սակայն գլխավորը ժյուրիի գնահատականն էր: Յուրաքանչյուր փորձագետ կարող էր մինչև հինգ միավոր տալ իր նախընտրած թիմին, սակայն եթե գնահատվում էր մի թիմ, մյուս թիմը չէր գնահատվում:

Հայաստանը հաղթեց 11-9 հաշվով: «Ընդհանուր գաղափարն այն էր, որ եթե մենք խոսում ենք տարածաշրջանի մասին, խոսքից պետք է անցնենք գործի: Գլխավոր նպատակը ոչ թե մրցույթն էր, այլ մերձեցումը: Իմ կարծիքով դա ստացվեց»,-ասել է Արտակ Խաչատրյանը:

Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները հիմնականում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ էին, իսկ Հայաստանի ներկայացուցիչների մեջ չկար ոչ մի կուսակցական գործիչ: Հայաստանը ներկայացրել են Հասմիկ Գրիգորյանը և Վերոնիկա Դանիելյանցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանի համագործակցության վերլուծական կենտրոնից, Ախալքալաքի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրոս Լիլիթ Գրեյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտներ Կարեն Սիրունյանը և Արտակ Խաչատրյանը: