28 ապրիլի 2011 - 14:13 AMT
Նազիկ Ավդալյանի վիրահատությունը շարունակվում է արդեն երեք ժամ

Աշխարհի չեմպիոն, ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի վիրահատությունը սկսվել է այսօր ժամը 12:00-ին և դեռ չի ավարտվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանը: Ինչպես նշել է բժիշկը, ավտովթարի արդյունքում ապրիլի 26-ին Ավդալյանը ստացել է գոտղկատեղի վնասվածք և առաջին ողի բազմաբեկորային կոտրվածք:

Պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնան այդ վնասվածքները մարզուհու հետագա կարիերայի վրա, բժիշկը նշել է, որ ավտովթարից հետո, երբ ծանրորդուհուն բերել են հիվանդանոց, նա կարողացել է ոտքերը շարժել: «Այս պահին ոչինչ պարզ չէ, ամեն ինչ կերևա վերականգնողական շրջանում»,- հայտնել է բժիշկը:

Վերջին երկու օրերին Նազիկ Ավդալյանին նախապատրաստել են վիրահատման, որպեսզի կայունացնեն ողնաշարը:

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ապրիլի 26-ին ավտովթարի է ենթարկվել Գյումրի-Վանաձոր մայրուղու վրա: Ծանրամարտիկը ողնաշարի վնասվածք և բազմաթիվ կոտրվածքներ է ստացել: Մարզուհուն Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, որտեղ ճշգրիտ ախտորոշում կտան:

Նազիկ Ավդալյանը 2008 թվականի ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն է, 2009-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2010-ին Գոյանգում (Հարավային Կորեա) աշխարհի չեմպիոն դարձավ: Աշխարհի առաջնությունից հետո Ավդալյանը վնասվածքի պատճառով մի քանի մրցաշար բաց թողեց, իսկ արդեն 2011 թվականին մասնակցեց Հայաստանի առաջնությանն ու հաղթեց: Նա արդեն պատրաստվում էր 2011 թվականի աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Փարիզում և վարկանիշային է լինելու: