28 ապրիլի 2011 - 15:28 AMT
Հեյդար Ջեմալ. Վրաստանը պատրաստվում է Բաքվում պետական հեղաշրջում կազմակերպել

Ադրբեջանի անվտանգության համար այսօր առկա է լուրջ սպառնալիք, որը բխում է Վրաստանի տարածքից: Նման սենսացիոն հայտարարությամբ SalamNews-ին տված հարցազրույցում հանդես է եկել ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանի Իսլամական հանձնաժողովի նախագահ Հեյդար Ջեմալը:

Նրա խոսքերով, տեղեկություններ կան, որ Վրաստանը պետական հեղաշրջում է պատրաստում Ադրբեջանում: Վրաստանի տարածքում ընթանում է Ադրբեջանում պետական հեղաշրջման պատրաստություն, և դրա պատասխանատվությունը դրված է Վրաստանի Ազգային անվտանգության անդամ Գիգա Բոկերիայի վրա:

«Ադրբեջանի տարածքում` վրացական դեսպանատանը, գտնվում է այդ գործունեության աջակցության կենտրոնը, որի համար պատասխան է տալիս Բաքվում այդ դեսպանատան աշխատակիցներից մեկը` ամերիկուհի, որը հիանալի գիտի վրացերեն: Նա գտնվում է «շտաբում» և նրա պարտականությունների մեջ է մտնում Ադրբեջանում ընդդիմության հետ կապեր հաստատելը:

Վրաստանը տվյալ դեպքում նախագծի հեղինակ է, որում ներգրավված են վրացի պետական այրեր, մասնավորապես Գիգա Բոկերիան, որը ներկայացնում է երկրի Անվտանգության խորհուրդը: Այսինքն, վրացիներն այստեղ հանդես են գալիս որպես օտարի կամակատար: Պետք է նշեմ, որ (ադրբեջանական) ընդդիմությունը նույնպես տեղյակ է այդ ծրագրին»,- ասել է Ջեմալը, գրում է SalamNews-ը: