29 ապրիլի 2011 - 08:28 AMT
Վազգեն Բադալյան. Դարչինյանը պահեց իր խոստումը և նվիրեց իր հաղթանակը Ցեղասպանության զոհերի հիշատակին

«Դարչինյանն իր մենամարտում ամեն ինչ ճիշտ է արել, նա գործել է ագրեսիվ և հիմնականում շեշտը դրել հարձակումների վրա: Նրա մոտ լավ է ստացվել աշխատել կրկնակի հարվածների վրա: Ամենագլխավորը, որ ես նրա գործողություններում հուզմունք չեմ զգացել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը: Դարչինյանն ապրիլի 24-ին Լոս Անջելեսում 5-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել կոլումբացի Յոնի Պերեսի նկատմամբ:

Մարզիչի խոսքերով, որն այս անգամ մենամարտին հետևում էր Վանաձորում հեռուստացույցով, նրա սանը հիանալի հասկանում էր, որ մրցակիցը շատ վտանգավոր է, հիանալի է աշխատում ոտքերով, ուստի նա փորձել է ուժեղ և հզոր հարվածներով լուծել իր խնդիրը: «Պերեսը բարձրահասակ է, և Դարչինյանը հասկանում էր, որ չի կարելի թույլ տալ նրան ազատ գործել: Նա շատ վստահ սկսել է մենամարտը, Պերեսը միայն 3-րդ ռաունդում է կարողացել հավասարեցնել պայքարը, բայց 5-րդ ռաունդում Վիկը հասել է իր ուզածին»,- հավելել է մարզիչը:

Բադալյանը կարծում է, որ երկրպագուները կրկին ականատես են եղել «դարչինյանական ոճի» մենամարտի` գեղեցիկ և արագ հարվածներ, որոնք նրանք սովոր էին տեսնել: Հիմա Դարչինյանին սպասում է ևս մեկ կարևոր մենամարտ. նա տարվա կեսին մրցելու է Աբներ Մարեսի հետ. «Դա շատ կարևոր մենամարտ է լինելու Վիկի համար, նա կարող է հասնել ռևանշի և նոր գոտիներ նվաճել»:

Ապրիլի 24-ին «Nokia Theatre»-ում հայ բռնցքամարտիկը ռինգ է դուրս եկել գոտու վրա «1915» գրությամբ, իսկ հետո միացել է իր հայրենակիցների երթին. «Վիկը շատ էր ցանկանում հաղթել և իր հաղթանակը նվիրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա մեծ մարզիկ է և մարդ ու կարողացավ պահել իր խոստումը: Նա նաև բոլոր ցանկացողներին պատմել է Ցեղասպանության մասին և բացատրել, թե ինչ է նշանակում 1915-ը հայերի համար: Ամերիկյան ԶԼՄ-ները բավական շատ են գրել այդ մասին»,- ասել է Բադալյանը: