29 ապրիլի 2011 - 09:50 AMT
Թբիլիսիում լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությանը

Ապրիլի 28-ին «Ազատ Վրաստան» կուսակցության նախաձեռնությամբ և Թբիլիսիի հայերի համագումարի աջակցությամբ Թբիլիսիի Քաղաքային խորհրդի շենքում (Սակրեբուլո) կայացել է հատուկ նստաշրջան` նվիրված 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը, որին ներկա են գտնվել Քաղաքային խորհրդի անդամներ, Թբիլիսիի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նստաշրջանի ընթացքում ցուցադրվել է գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» փաստագրական ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին և հիմնվում է ԱՄՆ և Եվրոպայի արխիվներում պահվող փաստաթղթերի և նյութերի վրա:

Սակայն Քաղաքային խորհրդի աշխատակազմի ղեկավար Մարինա Դատուկիշվիլիի հրահանգով ֆիլմի ցուցադրությանն արգելել են ներկա գտնվել վրացական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հաղորդում է Թբիլիսիի հայերի համագումարի մամլո ծառայությունը: