Բակո Սահակյանը Արցախի և Հայաստանի ուսանողների հետ ծառատունկի է մասնակցել Քարվաճառում

Բակո Սահակյանը Արցախի և Հայաստանի ուսանողների հետ ծառատունկի է մասնակցել Քարվաճառում

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին այցելել է հանրապետության Շահումյանի շրջան:

Քարվաճառ շրջկենտրոնում երկրի ղեկավարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջվարչակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Նախագահն ընդգծել է, որ հաշվի առնելով Շահումյանի շրջանի յուրահատուկ նշանակությունը, նրա զարգացումը մեր հանրապետության համար հանդիսանում է ռազմավարական կարեւորագույն խնդիրներից մեկը: Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ շրջանում ընթացող ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Այնուհետեւ Բակո Սահակյանն Արցախի եւ Երեւանի պետական համալսարանների ուսանողների հետ մեկտեղ մասնակցել է Քարվաճառում տեղի ունեցած ծառատունկին, ծանոթացել քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքներին եւ ներկա գտնվել երիտասարդական ճամբարի շինարարության սկսման արարողությանը:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղի շրջան:

Վարդուտ գյուղում երկրի ղեկավարն այցելել է կաթի մթերման կետ եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Այնուհետեւ նախագահ Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Վարդուտի ձորակի համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ նվիրված առկա հիմնախնդիրների ու դրանց լուծման ուղիների քննարկմանը:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ հետեւողական զարգացման համար ձորակն ունի բոլոր հնարավորությունները եւ ցանկալի արդյունքներ ապահովելու համար անհրաժեշտ է առկա ներուժի արդյունավետ օգտագործում ու իրականացվող աշխատանքների որակի բարձրացում:

Բերձոր շրջկենտրոնում Նախագահը ներկա է գտնվել շրջանի մշակութային կոլեկտիվների կողմից տրված համերգին:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---