29 ապրիլի 2011 - 17:29 AMT
Էմմիի ելույթը Եվրատեսիլ-2011-ում խոստանում է լինել վառ ու անմոռանալի

Էմմիի ելույթը Եվրատեսիլ-2011-ում խոստանում է լինել վառ ու անմոռանալի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրատեսիլ-2011-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Իր հերթին խորեոգրաֆ Արմինե Զարյանը հայտնել է, որ Էմմի հետ բեմում 4 պարող կլինի, որոնք եվրոպացի հանդիսատեսին կներկայացնեն հայկական ոգին: Ըստ նրա, այս տարիներին հենց դա էր պակասում: «Ես խոտանում եմ, որ Էմմիի ելույթի մասին խոսելու են մինչև հաջորդ Եվրատեսիլը»,-ասել է նա՝ հավելելով, որ ոչ մի կասկած չունի Էմմիի կարողությունների ու վստահության առումով:

Հայտնի է նաև, որ պարողների զգեստները դասական ու սպորտային ոճի համադրում կլինի: Սակայն, Էմմին չի ասել, թե ինքն ինչ հանդերձանքով հանդես կգա: Երգչուհին հայտնել է, որ այս տարի իրենք նախընտրեցին աշխատել հայ մոդելավորողների հետ: