29 ապրիլի 2011 - 17:41 AMT
Գյումրեցիները գտնում են, որ Մինասի որմնանկարներն իրենց քաղաքի սեփականությունն են

Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու ՀՀ կառավարության նախաձեռնությունից դժգոհ գյումրեցի մի խումբ մշակույթի գործիչներ և արվեստի ներկայացուցիչներ «Շիրակ կենտրոն»-ին՝ հանրայնացնելու նպատակով տրամադրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղած բաց նամակը: Նամակում, մասնավորապես ասվում է, որ պետք է արվեստների և մշակույթի քաղաք Գյումրիում պահպանվեն և ցուցադրվեն մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի Գյումրիում կատարած որմնանկարները: «Անկախ շինության սեփականության ձևից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին և առանց քաղաքի համաձայնության, հոգևոր մշակույթային արժեքները տանելը անհարգալից վերաբերմունք է»,-ասվում է նամակում: Նամակի տակ ստորագրել են ՀՀ վաստակավոր նկարիչ Զավեն Կոշտոյանը, ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը, ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի դոցենտ Սամվել Պողոսյանը, Նկարիչների միության Գյումրու մասնաճյուղի նախագահ Գարիկ Մանուկյանը, Նկարիչների միության անդամ, դոցենտ Վաչիկ Խաչատրյանը և այլոք: Ընդհանուր թվով նամակի տակ ստորագրել է 493 մարդ: