29 ապրիլի 2011 - 19:10 AMT
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աջակցել Սերժ Սարգսյանի՝ ՀՀ-ում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քեյդենաուին:

Ողջունելով հերթական այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին` նախագահը նշել է, որ նման հանդիպումները լավ առիթ են անդրադառնալու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգային հարցերին, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու Հայաստանում ժողովրդավարացման գործընթացը խթանելու արդյունքում` զարգացած Հայաստան ունենալուն:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանը և ԱՄՆ-ը ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե' երկկողմ, թե' բազմակողմ հարթություններում և ձգտում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները:

Տիկին Քեյդենաուն նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ունեն զարգացման շատ հստակ ու դրական ուղղվածություն և վստահություն հայտնել, որ այդ միտումը կշարունակվի: Նա հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակել աջակցել նախագահ Սարգսյանի՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին:

Երկկողմ համագործակցության հարցերից բացի, քննարկվել է նաև տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: