30 ապրիլի 2011 - 13:28 AMT
Հայաստանում Երևանից հետո ամենից շատ ամուսնալուծվում են Լոռվա մարզում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր կայացած ասուլիսում ներկայացրել է լրագրողներին ՀՀ-ում 2011-ի առաջին եռամսյակի կտրվածքով ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրական ցուցանիշները։

2011-ի առաջին եռամսյակում գրանցվել է 4604 ամուսնություն, ինչը 3,9% ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։

Ամուսնալուծություններում նույնպես աճ է գրանցվել՝ 776 դեպք, ինչը 2010-ի համեմատ ավելի է 9,4%-ով, 2010-ին դեպքերի քանակը 709-ն էր։

Կարինե Կույումջյանը տեղեկացրեց նաև, որ ամենից շատ Երևանից հետո ամուսնալուծվում են Լոռվա մարզում։

Կարինե Կույումջյանը ներկայացրեց նաև 2009թ-ի ուսումնասիրության արդյունքում ստացված ամուսնալուծությունների վիճակագրությունն ըստ ամուսնության տևողության։

«Մինչև 1 տարի ամուսնալուծվել է 3,2%, 1-4 տարվա ընթացքում ամուսնալուծությունները կազմել են 19,5 %, 20 տարի և ավելի բարձր ամուսնալուծությունները՝ 28 %, իսկ 5-9 տարվա ընթացքում ամուսնալուծությունները՝ 18,2 %», - ասաց Կարինե Կույումջյանը։

Ըստ Կարինե Կույումջյանի, ԽՍՀՄ նախկին երկրներում, ինչպիսիք են Բելառուսը, Ուկրաինան և Ռուսաստանը ամուսնալուծությունների ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Իսկ թե որոնք են ամուսնալուծությունների պատճառը, Կարինե Կույումջյանի խոսքով, նման տեղեկությունների ազգային վիճակագրական ծառայությունը, ցավոք, չի տիրապետում։