30 ապրիլի 2011 - 15:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սան Պաուլո նահանգի Օրենսդիր ժողովում անցել է հատուկ նիստ`նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին

Ապրիլի 24-ի առավոտյան Բրազիլիայում` Սան Պաուլոյի Հայ առաքելական, ինչպես նաեւ հայ կաթողիկե եւ ավետարանական եկեղեցիներում տեղի ունեցան 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Սբ. պատարագներ, որից հետո դրանց մասնակիցները միացյալ շարասյունով այցելեցին «Արմենիա» հրապարակում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նորաբաց հուշարձան, ուր տեղի ունեցավ հոգեւոր արարողություն եւ ծաղկեպսակների զետեղում:

Ապրիլի 25-ի երեկոյան Սան Պաուլո նահանգի Օրենսդիր ժողովում, որը 1997 եւ 2004 թվականներին օրենքներ էր ընդունել Հայոց ցեղասպանոթյան ճանաչման վերաբերյալ, կայացավ խորհրդարանի ավանդական դարձած ամենամյա լիագումար նիստը` նվիրված Ցեղասպանության 96-րդ տարելիցին, որը նախագահում էր Օրենսդիր ժողովի նախագահ Բառռոս Մունյոզը: Նահանգի միացյալ զինվորական նվագախումբի կողմից կատարվեցին Հայաստանի եւ Բրազիլիայի պետական օրհներգերը, ներկաներին ընթերցվեց Բրազիլիայում Հայաստանի դեսպանի ուղերձը:

Միջոցառմանը մասնակցում էին նահանգային եւ դաշնային մի շարք պատգամավորներ, ճանաչված գիտնականներ ու անհատ գործիչներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, Սան Պաուլոյի համալսարանի հայագիտության ամբիոնի ուսանողներ ու դասախոսներ, հայկական դպրոցի աշակերտներ եւ ուսուցիչներ, լրագրողներ: Նիստի ավարտին մասնակիցներն այցելեցին խորհրդարանի բակում տեղադրված հայկական խաչքար-հուշարձան:

Զոհերի հիշատակին նվիրված համանման հանդիսավոր միջոցառումներ անցկացվեցին նաեւ Սան Պաուլոյի «Հայկական ակումբ» համալիրում, ՀԲԸՄ բրազիլական մասնաճյուղում եւ բրազիլահայ մի շարք այլ կազմակերպություններում, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ