Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Աշխատավորների համերաշխության օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին Աշխատավորների համերաշխության օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:Ուղերձում, մասնավորապես, ասված է. "Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Մենք ավանդաբար տոնում ենք այս օրը` որպես աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ խորին հարգանքի, նրանց մեծարման ու փառաբանման օր:

Դարեր շարունակ արցախցին սեփական ձեռքերով է կառուցել իր երկիրն ու շենացրել հայրենի հողը, քրտնաջան աշխատանքով հոգացել իր ընտանիքի կարիքները, եւ լավ գիտի այդ աշխատանքի գինը:

Այսօր էլ մեր պետության մեծագույն հարստությունը մարդն է, եւ նրա աշխատանքն է հանդիսանում Արցախի հետագա բոլոր հաջողությունների հիմքը: Դա է պատճառը, որ իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում աշխատավորների իրավունքների ու շահերի պաշտպանության, տեղական արտադրության խթանման, աշխատատեղերի ստեղծման հարցերը` նպատակ ունենալով օրեցօր բարելավել մեր քաղաքացիների սոցիալական եւ կենցաղային պայմանները, նրանց կյանքը դարձնել ավելի ապահով:

Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ մայիսմեկյան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք: Թող այդ աշխատանքը երջանկություն ու բարեկեցություն բերի ձեր ընտանիքներին եւ բարգավաճում Արցախի Հանրապետությանը":

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---