1 մայիսի 2011 - 16:17 AMT
Լրացավ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի 75-ամյակը

Մայիսի 1-ին լրացավ է ՀՀ ԳԱԱ նախագահ, ճանաչված գիտնական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ծննդյան 75-ամյակը: Նա հայ ռադիոֆիզիկայի դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից է:

Ծնվել է 1936թ. մայիսի 1-ին Մատաղիս գյուղում (ԼՂՀ Մարտակերտի շրջան): Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը (1958): Սովորել է ԽՍՀՄ ԳԱ Պ.Ն. Լեբեդևի անվ. ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր ակադ. Ա.Ս. Պրոխորովի ղեկավարությամբ և 1964-ին՝ պաշտպանելով թեզը, արժանացել է ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի: 1964-ից իր գործունեությունը շարունակել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի նորաստեղծ ինստիտուտում, իսկ 1965-ից միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում. 1966-ից՝ որպես դոցենտ, իսկ 1982-ից՝ որպես պրոֆեսոր:

Եղել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ (1970-1980), տնօրենի տեղակալ (1971-1981) և տնօրեն (1980-2006): ԵՊՀ Ռադիոֆիզիկյաի ֆակուլտետի Գերբարձր հաճախությունների ամբիոնի վարիչ (1983-1993), և ԵՊՀ ռեկտոր (1993-2006): Նրա ղեկավարման տարիներին ԵՊՀ-ում բացվել են նոր ֆակուլտետներ և մասնագիտացումներ, ուսանողության թիվն աճել է մոտ երկու անգամ: 1980-ին արժանացել է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի գիտական աստիճանի: Ընտրվել է ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա մասնագիտությամբ ՀՀ ԳԱԱ թղթակից (1986) և իսկական (1990) անդամ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1993-ից) և ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ (2006–ից):

2009-ից Վիկտոր Համբարձումյանի անվ. մրցանակի միջազգային հանձնաժողովի նախագահն է: Վերջին հինգ տարիներին զգալի էր Ռ.Մ. Մարտիրոսյանի դերը ՀՀ ԳԱԱ օրենսդրական ծրագրի իրականացման, ինստիտուտների տնօրենների երիտասարդացման, ակադեմիայի նոր անդամների ընտրությունների, հրատարակչության և գրադարանի բարելավման, միջազգային համագործակցության և այլ գիտա-կազմակերպական հարցերում: Մարտիրոսյանի գիտական աշխատանքները վերաբերում են քվանտային և գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկային, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներին, տիեզերական հետազոտություններին, ռադիոաստղագիտությանը, ռադիոֆիզիկական մեթոդներով Երկրի բնական պաշարների ուսումնասիրություններին:

Կարևոր արդյունքներ է ստացել սանտիմետրային և միլիմետրային ռադիոալիքների տիրույթում աշխատող նոր, բարձր արդյունավետության քվանտային ուժեղացուցիչների ուսումնասիրման և ստեղծման ասպարեզում: Հայտնաբերել և հետազոտել է քվանտային ուժեղացուցիչներում որպես ակտիվ միջավայր ծառայող նոր նյութեր: Այդ աշխատանքների հիման վրա ստեղծվել են նոր տեսակի քվանտային սարքեր, որոնք լայնորեն կիրառվել են ռադիոաստղագիտական հետազոտություններում: Մասնակցել է «Ինտերկոսմոս» տիեզերական ծրագրին, մասնավորապես «Վեգա» նախագծի իրականացմանը: Հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, Շվեդիայում և ԱՄՆ-ում հրատարակված երկու մենագրությունների: Ուկրաինայի և ՀԽՍՀ (1988) պետական մրցանակների դափնեկիր է: Պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1999), «Պատվո նշան», Ժողովուրդների բարեկամության, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի և Իտալիայի «Գիտության և մշակույթի ոլորտում ծառայությունների համար» շքանշաններով, Գագարինի անվան ոսկե և այլ մեդալներով: